Յատուկ յանձնարարութիւններու դեսպան Էդմոն Մարուքեան X ընկերային ցանցի իր էջին հակազդած է Ազերպայճանի նախագահին՝ բռնագրաւուած Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ քուէարկելուն։
«Այսօր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրութեան ժամանակ Իլհամ Ալիեւը իր քուէրակութիւնը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Ադրբեջանական օրէնսդրութեան համաձայն՝ Իլհամ Ալիեւը երբեք գրանցուած չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քուէարկելու իրաւունք ունենալու համար։ Այստեղ ուշագրաւը այն է, որ Ալիեւը սկզբում չհրահրուած պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դէմ, իսկ յետոյ ցեղային զտումների ենթարկեց այն մարդկանց, որոնց անուանում էր Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է ցեղային զտման ենթարկուած քաղաք Ստեփանակերտ, որտեղ ընտրութեան մասնակցող մարդ չկայ, եւ ընտանիքի հետ մասնակցել ընտրութեան։
Սկզբում միջազգային հանրութիւնը լուռ հետեւել է խաղաղ ժողովրդի դէմ չհրահրուած յարձակմանը, ապա՝ աւելի քան 100.000 մարդու ցեղային զտմանը, ապա Ադրբեջանի խնդրանքով սկսել է ցեղային զտման ենթարկուած Ստեփանակերտ քաղաքը անուանել Խանքենդի։ Սակայն միջազգային բոլոր օրէնքներով, այդ թւում՝ Եւրոպայի խորհուրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւնների համաձայն, անունները չեն կարող փոխուել առանց տեղի բնակչութեան որոշման։
Բայց ինչի՞ մասին է խօսքը, երբ հիմա նրանք պատրաստւում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քուէարկութիւնը ցեղային զտման ենթարկուած քաղաքում՝ նոյնիսկ չսպառնալով միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ իրականացուած յանցագործութիւնների համար»,– գրած է Մարուքեան։ ■
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։