Յուլիս 1-ին, «Ժողովրդավարութեան հայկական ֆորում 2024» քննարկման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինեան իր ելոյթին մասնաւորապէս յայտարարած է. “Այս ֆորումը պէտք է արձանագրի բոլորիս հաւաքական կամքը, ամրացնի ու զարգացնի ժողովրդավարութիւնը Հայաստանում: Դրա համար պէտք է արձանագրենք, թէ ինչ է տեղի ունեցել ժողովրդավարութեան այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ: Ընտրութիւնների կեղծիք արտայայտութիւնը կարծում եմ արդէն վերագրուած է պատմական ժանրին:
Մէկ այլ մարտահրաւէր, որ քննարկում էինք 7-8 տարի առաջ, հաւաքների ազատութեան կամ որոշակի տեղերի սահմանափակումն է քաղաքական ուժերի կամ քաղհասարակութեան համար: Ներկաներից շատերը յիշում են, որ տեղեր կային, ընդհուպ բացօթեայ, որտեղ հանրահաւաք անելը հեշտ չէր, եթէ չասենք անհնարին”։
Փաշինեան խօսած է նաեւ մամլոյ ազատութեան մասին:
“Սա նոյնպէս մի թեմա է, որը Հայաստանում արդէն անցեալում է: Խօսքի եւ մամուլի ազատութիւնը հանրութեան կողմից պէտք է ընկալուի ոչ թէ որպէս «ցնցոտիաւոր ջադու», այլ որպէս՝ «վայելչատես այցելու»: Արձանագրումը, որ արել եմ դեռեւս 2018 թուականին, շարունակում է մնալ անսասան:
Ժողովրդավարութիւնը մեզ համար հանգամանքների բերում չէ, այլ ռազմավարութիւն եւ կառավարութիւնը շարունակելու է այս ռազմավարական ուղեգիծը: Մի բան յստակ է՝ Հայաստանում ժողովրդավարութիւնը արմատաւորուած է եւ միջազգային հանրութիւնը Հայաստանը ընկալում է որպէս համընդհանուր ժողովրդավարութեան մաս”,– ըսած է ան:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։