Search
Close this search box.

Ալէն Սիմոնեան. «Պաքուն “էրիվան”-ի մասին խօսում է այնպէս, ինչպէս մենք ենք ասել՝ Ղարաբաղն ու Նախիջեւանը Հայաստան են» 

Յունուար 15-ին, Ազգային ժողովին մէջ լրագրողներու հետ ասուլիսին, Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան՝ անդրադառնալով Ալիեւի տարածքային յաւակնութիւններուն յայտարարած է, թէ այն ինչ որ կ՚ընէ դրացի երկրին ղեկավարը, կ՚ընէ փոխադարձ կարգով՝ կրկնելով հայկական կողմի ըսածը այս տարիներու ընթացին։

“Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներն են եւ այլն։ Ալիեւը խօսում է մի բանի մասին, որպէսզի հակակշիռ ստեղծի այն խօսոյթներին, որ մենք 30 տարուայ ընթացքում ստեղծել ենք”,– դիտել տուած է ան։

Հարցումին, թէ Ալիեւ կը պնդէ, որ «Էրիվանը Ազերպայճան է»՝ Սիմոնեան հակադարձած է. “Մենք էլ ասել ենք՝ Նախիջեւանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է։ Մենք ասել ենք, որ գնալու ենք Բաքւում թէյ խմելու, իրենք էլ՝ Սեւանում թէյ խմելու մասին։ Ադրբեջանն ամէն ինչ փոխադարձ կարգով է անում”։

Յիշեցնենք, որ Ազերպայճանի նախագահը իր վերջին հարցազրոյցին մէջ կրկին տարածքային պահանջներ ներկայացուցած է Հայաստանին՝ պնդելով, որ իբրեւ թէ Երեւանն ու Ջերմուկը իրենց պատմական տարածքներն են։