Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցութիւնները՝ «Արդարութիւն կուսակցութիւն», «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» եւ «ՀՅԴ», Հոկտեմբեր 24-ին հրապարակած են հետեւեալ յայտարարութիւնը.-
«Համազգային միասնութիւնը, իրօք որ, հայ ժողովրդի համար միակ փրկութիւնը կարող է լինել այս վճռորոշ ժամանակաշրջանում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանութիւնները իրենց յայտարարութիւններում ու կոչերում միշտ էլ կարեւորել են եռամիասնութեան գաղափարը եւ այդ ուղղութեամբ ձեռնարկուող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան իրականացման համար կարեւորագոյն փուլերն են եղել մայր հայրենիքում եւ Արցախում տարբեր ձեւաչափերով կազմակերպուած համաժողովներն ու քննարկումները: Այդ հաւաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ յանուն անանց արժէքների եւ կենսական կարեւորութիւն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկիւնում էլ լինի, պատրաստ է զոհողութեան ու նուիրումի, համախմբման ու բռունցքուելու: Անցած տասնամեակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնաւորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսուել եւ Արցախով իմաստաւորուել իւրաքանչիւր համախմբման կոչ, իւրաքանչիւր համահայկական գաղափար:
44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ Արցախի պետականութեան պահպանման, ամրապնդման եւ վէրքերի ապաքինման առումով համոզուած ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժէքների ու եռամիասնութեան գաղափարի շուրջ համախմբումը: Սոյն թուականի Հոկտեմբերի 28-31-ը Երեւանում նախատեսւում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին եւ կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտայայտել Հայ առաքելական եկեղեցու հովուապետերը՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսները: Գագաթնաժողովին չեն հրաւիրուել Սփիւռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպութիւններ ու անհատներ:
Գագաթնաժողովի օրակարգը եւ նախատեսուած միջոցառումները պատշաճ ու համարժէք չեն անդրադառնում Արցախին եւ նրա առջեւ ծառացած մարտահրաւէրներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պէտք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: Հայաստանի իշխանութիւնները ո՛չ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թէ՛ միջազգային, եւ թէ՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշուած իրականութեան եւս մէկ ապացոյցն է: Արցախն անտեսող եւ կեղծ համահայկականութեամբ քօղարկուած այս ժողովը անընդունելի պէտք է լինի բոլոր նրանց, ում համար թանկ են Հայոց պետականութիւնը եւ նրա ամրութիւնն ապահովող հիմնասիւները:
Հիմք ընդունելով վերը նշուած իրողութիւնները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականութիւնը խաթարող նախաձեռնութիւնները»:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։