Search
Close this search box.

ԱՐՑԱԽ – «Մեզ համար անընդունելի է որեւէ փաստաթուղթ, որ կարող է անտեսել ղարաբաղեան հակամարտութեան գոյութիւնը» 

 

Արցախի Անվտանգութեան խորհուրդի նիստին միաձայնութեամբ ընդունուած յայտարարութիւնը

Արցախի Հանրապետութեան (ԱՀ) նախագահ Արայիկ Յարութիւնեան, ընդառաջելով ԱՀ  Ազգային ժողովի մէջ ներկայացուած քաղաքական ուժերու առաջարկին, Հոկտեմբեր 3-ին հրաւիրած է անվտանգութեան խորհուրդի ընդլայնուած նիստ` բարձրաստիճան խում մը պաշտօնեաներու, խորհրդարանական բոլոր ուժերու ներկայացուցիչներու և Արցախի թեմի առաջնորդի մասնակցութեամբ:

Նիստին քննարկուած են Արցախի շուրջ ստեղծուած ռազմաքաղաքական վերջին զարգացումները։ Աւարտին Անվտանգութեան խորհուրդը հանդէս եկած է միաձայնութեամբ ընդունուած հետեւեալ յայտարարութեամբ.-

 «Մտահոգուած լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանաւորուած ծանր մարտահրաւէրներով,

Վերահաստատելով Արցախի հանրապետութեան իշխանութիւնների գործադիր ու օրէնսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերեալ,

Յղում անելով Արցախի հանրապետութեան նախագահի ս.թ. Սեպտեմբերի 19-ի ուղերձին,

Հաշուի առնելով դրան յաջորդող նոր զարգացումները, մասնաւորապէս՝ Սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսութեան ՀՀ Վարչապետի տուած հարցազրոյցում հնչեցուած որոշ մտքերի և տեսակէտների  շուրջ մեր հանրութեան մօտ առկայ մտահոգութիւնները՝

Արցախի հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի ընդլայնուած նիստի բոլոր մասնակիցներով յայտարարում ենք.

1.- Արձանագրում ենք, որ 2020թ. թուրք-ադրբեջանական յարձակման և դրան յաջորդող երկամեայ ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցութեամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և յարձակողական կերպով դրանք օգտագործում է իր առաւելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողութիւններն ուղեկցւում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատեացութեան պետական քաղաքականութեան ահագնացող դրսևորումներով և միջազգային իրաւունքի հիմնարար չափանիշերի կոպտագոյն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի հանրապետության հետ յարաբերութիւններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման որեւէ ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ յայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտութեան գոյութիւնը և դրա համապարփակ կարգաւորման անհրաժեշտութիւնը:

 

2.- Արցախի հանրապետութեան դիրքորոշումը միշտ յստակ է եղել, որ ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի և դրա իրացման արդիւնքների լրիւ ու անսակարկելի ճանաչման հիման վրայ: Անառարկելի է, որ 1991 թուականին Արցախի ժողովուրդը ինքնորոշուել է միջազգային իրաւունքի և ԽՍՀՄ օրէնսդրութեան չափանիշերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի հանրապետութեան միջազգայնօրէն չճանաչուած լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրաւունքների ու Արցախի հանրապետութեան գոյութեան փաստի բացակայութիւն: Չնայած բոլոր դժուարութիւններին ու մարտահրաւէրներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրոյն որոշելու և տնօրինելու ուղղութեամբ:

 

3.- Արցախի երկարաժամկէտ ու կայուն անվտանգութիւնը պէտք է ապահովուի թէ՛ մեր սեփական պաշտպանական հնարաւորութիւնների, թէ՛ ռուս խաղաղապահների անժամկէտ առաքելութեան և թէ՛ Հայաստանի հանրապետութեան բոլոր հնարաւոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարաւորութիւնների բարելաւումը շարունակական աշխատանք է և գտնւում է մեր մշտական ուշադրութեան ներքոյ: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելութիւնը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրաւէրներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգութեան գլխաւոր միջազգային երաշխիքը: Այս համածիրում չափազանց վտանգաւոր ենք համարում բնական դաշնակիցների հետ աւանդական յարաբերութիւնների վատթարացման փորձերը:

 

4.- Արցախի հանրապետութիւնը և արցախահայութիւնը կանգնած են Մայր Հայաստանի պետականութեան ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրաւէրների յաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժէքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորմանը միտուած միջպետական պայմանագրի հնարաւոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի հանրապետութեան ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունութեան ու խաղաղութեան երաշխաւորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիւ, հաշուի առնելով այդ յարաբերութիւններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայութեան շահերի անխուսափելի առկայութիւնն ու կարևորութիւնը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղեան հակամարտութեան գոյութիւնը, հարուածի տակ դնել դրա արդար կարգաւորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի և դրա իրացման արդիւնքների միջազգային ճանաչման հնարաւորութիւնները, այդ թւում՝ տարածքային ամբողջականութեան սկզբունքի հանդպպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համածիրի մէջ կարևորում ենք ԱՀ և ՀՀ իշխանութիւնների պարբերական խորհրդակցութիւնները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը ԱՀ նախագահին է ներկայացնում միջազգային բանակցութիւնների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ ԱՀ իշխանութիւնների դիրքորոշումները, այդ թւում՝ անհամաձայնութիւնները:

5.- Անցած երեք տասնամեակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թէ՛ տրամաբանութիւնը, թէ՛ գործնական քայլերը կառուցւում էին ինչպէս համահայկական ներուժի համախմբման, այնպէս էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցութիւնը ճիշդ հունով ուղղորդելու միջոցով: Հաշուի առնելով անցեալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժուարին ու ծանր այս մարտահրաւէրների յաղթահարման լաւագույն գրաւականը համազգային միասնութեան դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի հանրապետութեան շարունակական աջակցութիւնը Արցախի հանրապետութեանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր յաջողութիւններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան պահպանումն ու ամրապնդումը պարզապէս այլընտրանք չունի: Համազգային արժէքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամէն ինչից՝ Մայր Հայաստանը պէտք է մշտապէս լինի Արցախի կողքին բոլոր ուղղուիւններով, յատկապէս՝ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորման և ինքնորոշման իրաւունքի միջազգային ճանաչման առումներով:

 

6.- Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պէտք է դիտարկել մէկ ամբողջութեան մէջ: Հաշուի առնելով յատկապէս յետպատերազմեան համածիրն ու մարտահրաւէրները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի հանրապետութիւնը չի ընդգրկուել հակամարտութեան կարգաւորման գործընթացում լիիրաւ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի հանրապետութիւնն է պարտաւորուած ու լիազօրուած ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտաւորութիւններն ու լիազօրութիւններն ամրագրուած են Հայաստանի հանրապետութեան ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թւում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցութիւններ վարել հակամարտութիան կարգաւորման շուրջ՝ բանակցային լիարժէք ձևաչափի վերականգնման դէպքում, որտեղ Արցախի հանրապետութիւնը ճանաչուած է որպէս լիիրաւ կողմ:

Արցախի հանրապետութեան իշխանութիւնները շարունակելու են գործնական կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող վտանգների կառավարման ուղղութեամբ»: