Search
Close this search box.

Դաւիթ Բաբայեան. «Դէպի Արցախ ճամբաները բաց չեն, խօսքը մի՛այն մարդասիրական օգնութեամբ բեռնուած երկու կառքի մասին է» 

Արցախի Հանրապետութեան նախագահի խորհրդական Դաւիթ Բաբայեան News.am-ի թղթակցին խնդրանքով մեկնաբանած է Ակնայ–Ստեփանակերտ ճամբուն եւ Բերձորի միջանցքին միաժամանակ բացուելուն մասին ազերպայճանական լրասփիւռներուն հրապարակումները.

“Ճանապարհ բացելու մասին խօսելը ճիշդ չէ։ Մենք տեսնում ենք, որ որոշակի շահարկումներ են սկսուել, թէ «ճանապարհները բաց են», եւ երկու կողմից՝ թէ՛ ադրբեջանական, թէ՛ ներհայկական լրատուական հարթակների վրայ։ Ճանապարհները բաց չեն, պարզապէս Բերձորի միջանցքում հսկայական մարդասիրական բեռներ են կուտակուել, իսկ Արցախի բնակչութիւնը բառիս բուն իմաստով սովամահ է լինում: Պէտք էր ինչ-որ կերպ, գոնէ մի փոքր կաթիլ օգնութիւն, առաջին հերթին ալիւր հասցնել Արցախ։ Կարմիր Խաչի մարդասիրական բեռները տեղակայուել են Բարդայում։ Մեքենան բեռնուած է եղել զուիցերական, սպանական եւ ռուսական ապրանքներով՝ հիմնականում առողջապահական (hygiène) պարագաներով եւ դեղամիջոցներով։ Համաձայնութիւն է ձեռք բերուել այս կառքը անցկացնել Ակնայով,– վարորդը ազերպայճանցի չէ, կառքը ադրբեջանական չէ, համարանիշերը ադրբեջանական չեն, ապրանքները՝ եւս,– որպէսզի թոյլ տան Գորիսից 20 թոն ալիւր տեղափոխուի սովահար Արցախին: Սա մի կաթիլ է տառապանքի ովկէանոսում:

Հիմա Արցախից դուրս շատերը կարծիքներ են յայտնում՝ չիմանալով, թէ ինչ է սովը, եւ ի սէր Աստծոյ, թող երբեք չիմանան։ Բայց հարցն այն է, որ մենք պէտք է իրավիճակը գնահատենք այնպէս, ինչպէս կայ իրականում։ Գորիսի ալիւրը հայկական է, այնտեղ ադրբեջանական ապրանք չի էլ կարող լինել։ Հիմա ասացէ՛ք, ի՞նչ անենք։ Դիմագիրքեան «ասպետներ»-ը զօրութենական (virtuel) կռիւ են տալիս, զօրութենապէս ցոյց տալով իրենց հայրենասիրութիւնը: Մեր ժողովուրդը հպարտ է, ուստի մենք չենք ընդունում ադրբեջանական արտադրութեան ո՛չ մի ապրանք։ Մենք այս ժողովրդի մասն ենք, այլ կերպ չենք կարող։ Ժողովուրդը իրօք սովամահ է, փոքր երեխաներ,  ծերեր, հիւանդներ։ Երիտասարդ եւ միջին տարիքի մարդիկ կարող են ինչ-որ կերպ դիմանալ, բայց ի՞նչ անել երեխաների, ծերերի եւ հիւանդների հետ: Հայաստանից ալիւր չներկրե՞նք, որպէսզի Դիմագիրքում ինչ-որ մէկը իրեն «հերոս» համարի՞: Ուստի մենք պէտք է հասկանանք իրավիճակը եւ հասկանանք, որ նոյնիսկ այս ծանր իրավիճակում մենք չենք խախտում մեր սկզբունքները, իդէալները, գաղափարները, ազգային հպարտութիւնը։

Բայց ճանապարհը բաց չէ՝ մի բեռնատարը Ակնայից գնաց Ասկերան, միւսը՝ Գորիսից։ Ընդամէնը այսքանը”,– ընդգծած է Դաւիթ Բաբայեան։