Search
Close this search box.

Հայաստանի  ԱԳ  նախարարութիւն. «Ներհայաստանեան  քննարկումներին  միջամտելու  Բաքուի  փորձերը  կոպիտ  միջամտութիւն  են  մեր  ներքին  գործերին»

Յունիս  7-ին,  Հայաստանի  Արտաքին  գործոց (ԱԳ) նախարարութիւնը  հրապարակած է ստորեւ տրուած հաղորդագրութիւնը՝  որպէս հակազդեցութիւն Ազերպայճանի  նախագահ  Իլհամ  Ալիեւի՝  Յունիս  6-ին  կատարած յայտարարութեան.

«Հայաստանի  Հանրապետութիւնը  չունի  տարածքային  պահանջներ  իր  որեւէ  հարեւանից,  այդ  թւում  եւ`  Ադրբեջանից:

Հայաստանի  Սահմանադրութիւնը  եւ  նրա  փոփոխութիւնները  մեր երկրի  ներքին  գործն  են եւ  դրա  շուրջ  դեռեւս  2018  թուականից  մեկնարկած  ներհայաստանեան  քննարկումներին  միջամտելու  պաշտօնական  Բաքուի  փորձերը  գնահատում  ենք  որպէս  կոպիտ  միջամտութիւն  մեր  երկրի  ներքին  գործերին:

Միաժամանակ  համարում  ենք,  որ  նման  խօսոյթը  քայքայում  է  խաղաղութեան  գործընթացը  եւ  կասկածի  տակ  դնում  Ադրբեջանի  ղեկավարութեան՝  խաղաղութեան  հասնելու  անկեղծութիւնը:

Հայաստանի  եւ  Ադրբեջանի  միջեւ  բանակցուող  Խաղաղութեան  համաձայնագիրը  յստակօրէն  ամրագրում  է,  որ  կողմերը  ճանաչում  են  միմեանց  տարածքային  ամբողջականութիւնը  եւ  տարածքային  պահանջներ  չունեն  միմեանց  նկատմամբ:  Խաղաղութեան  համաձայնագրի  նախագծում  համաձայնեցուած  դրոյթ  կայ  նաեւ  այն  մասին,  որ  կողմերից  որեւէ  մէկը  չի  կարող  յղում  անել  իր  ներքին  օրէնսդրութեանը  Խաղաղութեան  համաձայնագրով  ստանձնած  պարտաւորութիւնները  չկատարելու  համար:

Համաձայնագրի  ստորագրումը  եւ  ներպետական  ընթացակարգերով  վաւերացումը  վերջնականօրէն  կ՚ամրագրեն  այս  սկզբունքները:

Ըստ  այդմ՝  համարում  ենք,  որ  կողմերի  բոլոր  մտահոգութիւնները  փարատելու  ամենայստակ  եւ  ուղիղ  ճանապարհը  հէնց  Համաձայնագրի  ստորագրումն  է,  որով  երկարաժամկէտ  խաղաղութեան  էջ  կը բացուի  Հայաստանի  եւ  Ադրբեջանի  միջեւ:

Հայաստանի  եւ  Ադրբեջանի  միջեւ  Խաղաղութեան  համաձայնագիրը  բաւականաչափ  հասունացած  է  ստորագրման  համար եւ  հայկական  կողմն  արտայայտում  է  իր  պատրաստակամութիւնը  կառուցողական  եւ  աշխուժ  աշխատել՝  առաջիկայ  մէկ  ամսուայ  ընթացքում  այն  ամբողջացնելու  եւ  ստորագրելու  ուղղութեամբ»։