«Երկու տարի առաջ՝ Սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացայայտօրէն արհարմարհելով ՄԱԿ-ի կանոնադրութիւնն ու Հելսինքեան եզրափակիչ ակտը, լայնածաւալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի դէմ։
Այսօր մենք եւս մէկ անգամ գլուխ ենք խոնարհում եւ ոգեկոչում 44-օրեայ պատերազմում ընկած մարտիկների յիշատակը, ովքեր պայքարեցին մեր հայրենակիցների առջեւ ծառացած գոյութենական վտանգը կասեցնելու համար։
Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախահայութեանն ցեղային զտումների ենթարկելու, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու արարելու իրաւունքից զրկելու, եւ ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի պետական քաղաքականութեան յանցաւոր դրսեւորում էր։ Այդ մասին են վկայում ինչպէս պատերազմից առաջ եւ ընթացքում, այնպէս էլ յետպատերազմեան շրջանում Ադրբեջանի բարձրագոյն ղեկավարութեան չդադարող ռազմատենչ, առաւելապաշտական, հայատեաց յայտարարութիւնները։
44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինուած ուժերն իրականացրել են միջազգային մարդասիրական եւ մարդու իրաւունքների կոպտագոյն խախտումներ, պատերազմական յանցագործութիւններ եւ զանգուածային այլ ոճրագործութիւններ՝ հրթիռահրետանային եւ օդային հարուածներով, այդ թւում՝ արգելուած զինատեսակների կիրառմամբ, միտումնաւոր թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը, քաղաքացիական ենթակառոյցներ, բնակավայրեր եւ մշակութային յուշարձաններ։ Անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների, արտադատական սպանութիւնների են ենթարկուել գերութեան մէջ յայտնուած հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։
Դեռեւս չլուծուած են մնում բազմաթիւ մարդասիրական խնդիրներ. Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, Ղարաբաղեան առաջին եւ 44-օրեայ յպատերազմների հետեւանքով հարիւրաւոր անյայտ կորածների եւ բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզուած:
Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում այսօր էլ շարունակւում է հայկական հոգեւոր ու պատմամշակութային ժառագութեան ոչնչացման եւ ինքնութեան խեղաթիւրման հետեւողական քաղաքականութիւնը։ Այս ոճրագործութիւնների վերաբերեալ իր յստակ գնահատականն է տուել ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը՝ գտնելով, որ «Ցեղային խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային համաձայնագրի շրջանակներում առկայ է ազգութեամբ Հայերի իրաւունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Այս պարագայում առաւել քան հրատապ է միջազգային համապատասխան մարդասիրական կառոյցների անարգել մուտքը եւ գործունէութեան ապահովումը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ»–, մասնաւորաբար նշուած է յայտարարութեան մէջ։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։