Search
Close this search box.

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան հաղորդագրութիւնը

 

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է յաջորդական լայնածաւալ յարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով աւարտին հասցնել ցեղային զտումների իր քաղաքականութիւնը։

Առաջնորդուելով անպատժելիութեան զգացումով՝ Ադրբեջանը բացայայտօրէն ստանձնել է յարձակման պատասխանատւութիւնը։ Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի պատասխանատւութեան գօտում սկսում է «հակաահաբեկչական գործողութիւններ», որի վերաբերեալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտօնական հաղորդագրութեան, տեղեակ պահուած են Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի հրամանատարութիւնը եւ ռուս-թրքական դիտորդական կենտրոնը։

Խստօրէն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ յարձակումը եւ զանգուածային ոճրագործութիւնը, որը ճիշդ երեք տարի առաջ՝ 2020 Սեպտեմբերին ԼՂ-ի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակութիւնն է։ “Ռազմական կառոյցների ոչնչացման” սին պատրուակով Ադրբեջանի կողմից հրետանակոծութեան են ենթարկւում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գիւղեր։

Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ-ի դէմ Ադրբեջանի շարունակական յարձակողական գործողութիւնները, ռազմատենչ անթաքոյց հռետորաբանութիւնը, ԼՂ բնակչութեանը “ահաբեկիչներ” որակելու բացարձակապէս կեղծ եւ դատապարտելի քարոզչութիւնը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչութիւնը ցեղային զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ եւ արժանապատիւ ապրելու ու արարելու իրաւունքից։

Նոյն նպատակն են հետապնդել 2020 Դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի խափանումը եւ ԼՂ լիակատար շրջափակումը։

Յարձակմանը նախորդել է Ադրբեջանի Արտաքին գործոց նախարարութեան կողմից կեղծ տեղեկատւութեան տարածում ականապատման գործողութիւնների մասին, ինչը վկայում է յարձակման ծրագրաւորման եւ տեղեկատուական դաշտի ապահովման մասին։ Կրկին յայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայուած չեն Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժեր եւ ռազմական զինամթերք, ականապատման գործողութիւնների մասին բոլոր լուրերը կեղծ են եւ շինծու։

Կոչ կ՚ուղղենք միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման համար առաջնային պարտաւորութիւն ունեցող ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամներին, այդ թւում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրուած 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարության հիման վրայ ԼՂ-ում տեղակայուած Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմին՝ ձեռնարկել յստակ եւ աներկբայ քայլեր Ադրբեջանի յարձակման վերջ դնելու նպատակով»։

Խմբագրական