Search
Close this search box.

ՌՈՒՍԱՍՏԱՆ – Զախարովա. «Լաչինի միջանցքին ստեղծուած իրավիճակը  Հայաստանի՝ Ազերպայճանի հողային ամբողջականութիւնը ճանչնալու հետեւանքն է» 

Ռուսաստանի Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբեր Մարիա Զախարովա Օգոստոս 31-ին տեղի ունեցած մամլոյ ասուլիսին, պատասխանելով՝ «Ռուսաստան ի՞նչ քայլերու պիտի դիմէ Բերձորի միջանցքին առեւանգուած երեք երիտասարդներուն համար, որոնք ռուս խաղաղապահներու ուղեկցութեամբ կը փորձէին Հայաստան հասնիլ» հարցումին, ըսած է. “Կ՚ուզեմ յիշեցնել, որ Լաչինի միջանցքին ստեղծուած իրավիճակը Հայաստանի՝ Ազերպայճանի հողային ամբողջականութիւնը ճանչնալու հետեւանքն է։ Այդ յայտարարուած է եւրոպական երկիրներու միջնորդութեամբ Հայաստանի եւ Ազերպայճանի ղեկավարներու հանդիպումներու ընթացքին՝ 2022 Հոկտեմբերին եւ 2023 Մայիսին”։

“Հետեւաբար ռուս խաղաղապահները պատասխանատու նկատելը անտեղի, սխալ եւ անարդար կը գտնեմ։ Իսկ այս նոր պայմաններու տակ խաղաղապահներու առաքելութիւնը տեղւոյն վրայ Ղարաբաղի Հայերու իրաւունքներուն եւ անվտանգութեան աջակցիլն է, այդ կարգին՝ Պաքու–Ստեփանակերտ ուղղակի երկխօսութեան շրջածիրին մէջ”,– աւելցուցած է ան։

 

Երեւանի խիստ պատասխանը Զախարովային

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը շատ խիստ ոճով պատասխանած է Զախարովային։

Նախարարութեան մամլոյ քարտուղար Անի Բադալեան «տարակուսանք առաջացնող եւ հիասթափեցնող» որակած է Ռուսաստանի ներկայացուցչին յայտարարութիւնը եւ ներկայացուցած՝ էական հանգամանքներ այս հարցին վերաբերեալ։

«Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին գործերի պաշտօնական ներկայացուցչի հերթական նոյնաբովանդակ մեկնաբանութիւնն այն մասին, թէ Բերձորի միջանցքում ստեղծուած իրավիճակը հետեւանք է 2022թ. Հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, որից յետոյ ռուսական խաղաղապահների խնդիրը դարձած է ղարաբաղեան Հայերի իրաւունքների եւ անվտանգութեան հարցում հնարաւոր ներգործութիւնը, տարակուսանք եւ հիասթափութիւն է առաջացնում։

Ստիպուած ենք հրապարակաւ յիշեցնել հետեւեալ՝ արդէն իսկ հանրայայտ ժամանակագրութիւնը եւ էական հանգամանքները.

  • Արցախի հիմնախնդիրը երբեւէ չի եղել տարածքային վէճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. այն իր էութեամբ մշտապէս եղել եւ շարունակում է լինել Արցախի ժողովրդի իրաւունքների եւ անվտանգութեան հիմնահարց։
  • 2020թ. Օգոստոսին հայկական կողմն իր հաւանութիւնն է տուել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման ռուսական նախագծին, համաձայն որի Արցախի կարգավիճակի քննարկումը պէտք է հետաձգուէր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար յայտարարելով (ինչպէս 2022 Օգոստոսի 31-ին Բրիւսէլում), որ չի պատրաստւում Արցախի հետ կապուած ոչինչ քննարկել Հայաստանի հետ, եւ օրեր անց՝ Սեպտեմբերի 13-ին, ռազմական յարձակման է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
  • Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից յետոյ հետամուտ չի եղել իր առաջարկին, այլեւ բացարձակ անտարբերութիւն է դրսեւորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ յարձակման կապակցութեամբ՝ այդպէս էլ անպատասխան թողնելով երկկողմ իրաւապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակութիւն ցուցաբերելու հայկական կողմի պաշտօնական նամակը։ Աւելին, Հայաստանի վրայ յարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայութիւնը եւ դրանից բխող անգործութիւնը Ռուսաստանի Դաշնութիւնն պայմանաւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանի սահմանազատուած չլինելու կեղծ պատրուակով՝ դրանով իսկ կամայ թէ ակամայ աջակցելով այն ակնյայտօրէն կեղծ եւ խիստ վտանգաւոր թեզին, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկայ, հետեւաբար սահմանների վրայ յարձակումը եւ Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժուար է հաւաստել։ Մօտաւորապէս նոյն մտայնութեամբ պատշաճ արձագանգի չի արժանացել Հայաստանի նոյնանման դիմումը նաեւ ՀԱՊԿ շրջանակներում։
  • Այս պայմաններում 2022թ. Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են իրենց հաւատարմութիւնը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռեւս 1991թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետութիւնները, այդ թւում՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը՝ ճանաչելով միմեանց տարածքային ամբողջականութիւնը խորհրդային պետութիւնների նախկին վարչական սահմաններով։ Այսպիսով՝ Պրահայում որեւէ նոր բան չի որոշուել՝ 2022թ. Հոկտեմբերի դրութեամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մէջ է եղել շուրջ 31 տարի շարունակ։ Պրահայի պայմանաւորուածութիւնները ոչինչ չեն փոխել նաեւ 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան բնագրում։ Միակ նորոյթն այն էր, որ Պրահայի հանդիպման արդիւնքների հիման վրայ ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելութիւն տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունութեանը։
  • Ռուսաստանի Դաշնութիւնն բազմիցս, այդ թւում նաեւ 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը եւ թերեւս ամենայատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական յարաբերութիւնների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։
  • Բերձորի միջանցքն խափանուած է 2022թ. Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան գօտում Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպուած կեղծ բողոքի գործողութիւնների հետեւանքով։ Արդէն 2023թ. Ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայութեամբ ապօրինի անցակէտ է տեղադրել Բերձորի միջանցքում։ Թէեւ այս գործողութիւնները եռակողմ յայտարարութեան ակնյայտ եւ կոպիտ խախտում էին, դրանց Ռուսաստանի Դաշնութեան կողմից որեւէ հակազդեցութիւն չի գրանցուել։ Փոխարէնը ռուս խաղաղապահները 2023թ. Յունիսի 15-ին գործուն աջակցութիւն էին ցուցաբերում իրենց առաքելութեան շրջանակներից եւ պատասխանատւութեան աշխարհագրական գօտուց դուրս՝ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրօշի տեղադրման փորձին, որին անմիջապէս հետեւել է Բերձորի միջանցքի ամբողջական խափանումը՝ Արցախում իրավիճակը մօտեցնելով իրական մարդասիրական աղէտի։
  • Նման ամենաթողութեան պայմաններում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահների ներկայութեամբ ադրբեջանական կողմը Բերձորի միջանցքում տեղադրուած ապօրինի անցակէտում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին է Արցախի բնակիչների առեւանգումը՝ Յուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրեանի, իսկ Օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով։
  • Արցախում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի նմանօրինակ գործելակերպը, ցաւօք, նորութիւն չէ. 2020թ. Դեկտեմբերի 11-ին Արցախի շփման գծի խախտումը, Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերի ապօրինի գրաւումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը եւ տեղափոխումը Բաքու, տեղի է ունեցել Արցախում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի ներկայացուցիչների ներկայութեամբ եւ թողտւութեամբ։ Այն ժամանակ 2022թ. Հոկտեմբերի 6-ի պայմանաւորուածութիւնները ձեռք բերուած չէին։ նոյնը վերաբերւում է 2022թ. Մարտի 24-ի Փառուխի եւ 2022թ. Օգոստոսի 1-ի Սարիբաբի դէպքերին, երբ Ադրբեջանը կրկին խախտեց շփման գիծը Արցախում։ Ադրբեջանական զինուժի կողմից գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրայ կրակահերթերի արձակումը Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահների ներկայութեամբ, ինչպիսի դէպքերից մէկը աւարտուած է մարտակերտցի տրակտորիստի սպանութեամբ, գիշերային լուսարձակներով ու բարձրախօսներով Արցախի բնակչութեան ահաբեկումը կրկին Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահների ներկայութեամբ, ադրբեջանական զինուած ուժերի կողմից հրադադարի հազարաւոր խախտումները կրկին Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահների ներկայութեամբ, այս տրամաբանութեան շարունակութիւնն են։

Ռուսաստանի Դաշնութեան Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Բերձորի միջանցքի խափանման կանխման կամ խափանումից յետոյ դրա բացման ուղղութեամբ ռուսական խաղաղապահների գործողութիւնների բացակայութեան պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարութիւնից եւ դրանով իսկ իրավիճակի էլ աւելի բարդացումից։

Նաեւ կրկին հարկ ենք համարում հաւաստել, որ Հայաստանի Հանրապետութիւնը հաւատարիմ է տարածքային ամբողջականութեան եւ սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրայ տարածաշրջանում կայունութեան հաստատման իր յանձնառութեանը։ Միեւնոյն ժամանակ երկարատեւ խաղաղութեան համար բացարձակապէս անհրաժեշտ ենք համարում Բերձորի միջանցքի վերագործարկումը՝ համաձայն 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան եւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումների, Արցախում մարդասիրական աղէտի կանխումը եւ միջազգային հովանու ներքոյ Բաքու-Ստեփանակերտ երկխօսութեամբ բոլոր առկայ խնդիրների հասցէագրումը»,– ըսուած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբերի մեկնաբանութեան մէջ։