Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանութեան, Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի յիշատակը, ովքեր 1915 թուականից Օսմանեան կայսրութիւնում սրի քաշուեցին հայ լինելու համար:
Այս մասշտաբային ողբերգութիւնը տեղի ունեցաւ առաջին աշխարհամարտի տարիներին, եւ պետականութիւն չունեցող, պետականութիւնը հարիւրամեակներ առաջ կորցրած, պետականութեան աւանդոյթն, ըստ էութեան, մոռացած հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական խարդաւանքների ու սին խոստումների զոհ դարձաւ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:
Մեծ եղեռնը համազգային ողբերգութիւն եւ հոգեցնցում դարձաւ մեզ համար, եւ առանց չափազանցութեան մեր ընկերային հոգեբանութիւնը կանխորոշող գործօն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցութեան ներքոյ եւ չենք յաղթահարել այդ հոգեցնցումը:
Սա նշանակում է, որ լինելով միջազգայնօրէն ճանաչուած պետութիւն՝ մենք յաճախ այլ երկրների, միջազգային հանրութեան հետ յարաբերւում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, եւ այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողութիւններն ու գործօնները, պատմական ընթացքներն ու կանխատեսուող հորիզոնները:
Գուցէ նաեւ սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանութեան հոգեցնցումը վերապրելով արդէն որպէս ժառանգութիւն եւ որպէս աւանդոյթ:
Այս իմաստով, չափազանց կարեւոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանութեան, Մեծ եղեռնի մասին խօսելիս մենք մշտապէս յղում ենք անում արտաքին աշխարհին, խօսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խօսակցութիւնը այս թեմայով այդպէս էլ չի կայանում:
Ի՞նչ պիտի անենք եւ ի՞նչ պիտի չանենք, որպէսզի յաղթահարենք ցեղասպանութեան հոգեցնցումը եւ բացառենք այն որպէս սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ յարաբերուելու այսպիսի դիտանկիւնը տարածուած չէ մեզանում:
Սա հրամայական է, անյետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան յարաբերութիւնները, մենք պէտք է Մեծ եղեռնի ընկալումը յարաբերենք Հայաստանի Հանրապետութեան՝ մեր ազգային պետականութեան կենսական շահերի հետ:
Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպէս կորուսեալ հայրենիքի շարունակական փնտռտուք: Մենք պէտք է դադարենք հայրենիքի փնտռտուքը, որովհետեւ գտել ենք այդ հայրենիքը, մեր Աւետեաց երկիրը, որտեղ կաթ եւ մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պէտք է ոչ թէ կորուսեալ, այլ գտնուած եւ իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դէմս Հայաստանի Հանրապետութեան, որի մրցունակ, օրինական, մտածուած եւ ստեղծագործ քաղաքականութիւններն են, որ կարող են բացառել կրկնութիւն:
Այլեւս երբեք: Մենք սա ուրիշներին չպէտք է ասենք, այլ ինքներս մեզ: Եւ սա ամենեւին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցէին, այլ դիտանկիւն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրէնը եւ պարտաւոր ենք ունենալ բաւարար միտք, կամք, խորք ու իմացութիւն՝ այդ պատասխանատւութիւնը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրոյթում կրելու:
Թող Հայաստանի Հանրապետութեամբ մխիթարուած ննջեն Մեծ եղեռնի եւ մեր բոլոր միւս նահատակները:
Եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։