Search
Close this search box.

«Արդարութեան վերականգնումից յետոյ է խաղաղութիւն տիրում, դադարում են պատերազմները»

 

Հարցազրոյց՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի հետ

Հարցում –  Սրբազան Հայր, սահմանազատման աշխատանքներով պայմանաւորուած, մի շաբաթից աւելի է՝ Տաւուշը կորցրել է քուն ու դադար։ Բայց Տաւուշում ոտքի ելած ժողովրդի պայքարը իշխանութեան ճամբարից որակում են որպէս խափանարարութիւն, իսկ պայքարի ելած մարդկանց՝ գործակալներ։ Ինչպէ՞ս էք մեկնաբանում այն, ինչը տեղի է ունենում Տաւուշում, դա Արցախի կրկնութի՞ւնն է, թէ՞ շատ աւելի վատ բեմագրութիւն։

Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան – Մարդիկ մտահոգուած են, քանի որ զգում են վտանգը։ Ընդհանրապէս, Աստուած պատահական չի դրել մարդու մէջ ներքին ձայնը, որով ինքը կանխազգում է վտանգը, իսկ եթէ մարդը կանխազգում է, ուրեմն պէտք է նաեւ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Նոյնիսկ կենդանին ունի այդ զգայական բնազդը ու երբ վտանգ է տեսնում, զգուշանում է։ Հիմա մենք՝ բոլորս, զգում ենք այդ վտանգը, աւելին՝ տասնամեակների փորձառութիւն ունենք, երբ հոտառութեամբ զգում ես պատերազմի վտանգը, ու եթէ այսօր Տաւուշի հասարակ ժողովուրդը, գիւղացիները իրենց գարնանային աշխատանքը թողած այդ քայլին են դիմել, դա արդէն նշանակում է, որ մարդիկ զգում են մօտեցող այդ վտանգը։ Ցաւօք, դեռ մարդկանց մէջ այն համատարած բնոյթ չի կրում։ Մարդը պէտք է հոգեւոր լսողութիւն էլ ունենայ եւ զգայ, թէ ինչ է տեղի ունենում, որպէսզի վտանգի դէմն առնի։ Փառք Աստծոյ, կան մարդիկ, ովքեր ունեն այդ հոտառութիւնը եւ զգում են, ուրեմն թող մարդիկ էլ հաւաքուեն նրա շուրջ։ Ակնյայտ է, որ կայ խնդիր, ուրեմն ինչո՞ւ մենք գնահատական չենք տալիս այդ խնդրին, ինչո՞ւ ենք դրա շուրջ պտըտւում ու մարդկանց վարկաբեկում, տարբեր որակումներ տալիս, բայց գնահատական չի տրւում ո՛չ իշխանութեան, ո՛չ մտաւորականութեան եւ ո՛չ այն սրտացաւ, գիտակից մարդկանց կողմից, թէ ինչո՛ւ է այսօր մարդը դուրս եկել պայքարի։ Ցաւ ի սիրտ, պէտք է արձանագրեմ, որ սա մենք չենք անում։ Այս իրավիճակը նմանեցնում եմ նրան, երբ մարդիկ գնում են հիւանդատեսի, իսկ սա նշանակում է, որ հիւանդ է, չէ՞, այդ մարդը։ Այսօր Տաւուշի այդ հատուածը ուզում են «հիւանդացնել»՝  աւելի վատացնել, կտրել։ Դրա համար մենք ամէն ինչ պէտք է անենք, որ այդ իրավիճակին չհասնենք։ Որպէսզի խաղաղութիւն լինի, նախ եւ առաջ մեր ժողովրդի համախմբումն է պէտք, այդ համախմբումը լինի նպատակային, իմաստուն, Աստծով, աղօթքով, այդ ժամանակ այդ ամէն ինչը կը տայ իր բարի պտուղները։

 

– Բագրատ սրբազան արթնութեան կոչով դիմեց ուսուցիչներին, ուսանողութեան եւ այլոց, որ իրենց ձայնը բարձրացնեն եւ Տաւուշի շարժումը համահայաստանեան դառնայ։ Ո՞րն է պատճառը, որ բոլորի մօտ այդ բողոքը կայ, բայց այն համընդհանուր չի դառնում, չնայած վերջին օրերին տեսնում ենք տարբեր դրսեւորումներ։

– Պատճառներից մի քանիսն ասացի, բայց կարծում եմ՝ չպէտք է հասնի նրան, որ հայ կղերականը, բարձրաստիճան հոգեւորականը նման կոչով դիմի, այլ մարդիկ իրենք պէտք է զգան դա։ Այ, դա է մեր ամբողջ խնդիրը, այսինքն՝ ծնողը չպէտք է սպասի, որ իր զաւակը սովից լացի, այլ պէտք է զգայ, որ երեխային պէտք է կերակրել, չպէտք է հասնի նրան, որ երեխան ճիչ արձակի, որովհետեւ ճիչն արդէն վատ նշան է, որովհետեւ ճչացող անձը իր անյոյս վիճակից է ճչում։ Մեր ժողովուրդը պէտք է զգայ այդ վտանգը, որովհետեւ ինքը հոգեւոր ժողովուրդ է, դրա համար ենք ասում, որ 1700 տարուայ Եկեղեցին, որ այսօր այդ ձայնն է բարձրացնում, պատահական չի բարձրացնում, որովհետեւ ինքը զգում է իր ժողովրդին մօտեցող վտանգը։ Եւ, յանձին Բագրատ սրբազանի, որ ձայն է բարձրացնում, մարդիկ նոյնիսկ առանց նրա խօսքի պէտք է զգան այդ վտանգը։ Հոգեւորականը, ով կանգնած է այնտեղ, արդէն անխօս կոչնակ է ու զանգի ձայնը այլեւս պէտք էլ չէր, որ հնչէր։ Սա է, որ մենք ուզում ենք՝ մեր ժողովուրդն ընկալի եւ հասկանայ։

 

– Եկեղեցականները, գրեթէ բոլոր թեմերի առաջնորդները այս օրերին Տաւուշում զանգ են հնչեցնում, բայց չի դադարում նաեւ Եկեղեցու եւ եկեղեցականների դէմ արշաւը։ Վարչապետը ասում է՝ եթէ Եկեղեցին որոշել է քաղաքականութեամբ զբաղուել, թող կուսակցութիւն բացի, մէկ այլ առիթով էլ հոգեւորականներին մեղադրում է շօու պատարագներ մատուցելու մէջ։

– Ես ուրախ եմ, որ հոգեւորականները նման վերաբերմունքի են արժանանում, ընդհանրապէս, քրիստոնէութիւնը նման ձեւով է յաղթանակի հասել, առանց հալածանքի բան չի լինում, դա կարեւոր է։ Տխուր պէտք է լինենք, երբ մեզ գովաբանեն, հէնց գովաբանեն, կը նշանակի՝ վախճանդ եկել է, բայց երբ հալածում են, նշանակում է՝ աշխատանք ունես անելու եւ ճիշդ ճանապարհի վրայ ես։ Եկեղեցին  հալածանքների միջոցով է յաղթանակի հասել, դա Գողգոթայ բարձրանալու՝ խաչի ճանապարհն է։ Եթէ չկայ խաչելութիւն, չկայ նաեւ յարութիւն։ Սա է ամբողջ իմաստը եւ փիլիսոփայութիւնը։ Ուստի այդ տեսակ յայտարարութիւններին ըմբռնումով եմ մօտենում, դրա կողքին մեր ժողովրդի հոգեւոր ապրումը պէտք է ճիշդ ընկալելի լինի, դրա համար ոչ թէ ականջի, այլ հոգու համար զանգ պէտք է հնչի։ Սա է կարեւորը։

– Այս օրերին լինելով Տաւուշում՝ ի՞նչ էք տեսել, մարդկանց ամենաշատը ի՞նչն է յուզում, կա՞յ ելք ստեղծուած իրավիճակից։

– 44-օրեայ պատերազմի ժամանակ մեր՝ բոլորիս սրտերին մօտ մի կերպար կար՝ հրանօթ զարկող զինուորի (Ալբերտ Յովհաննիսեան) հայեացքը։ Եթէ մէկը կարող է նկարագրել այդ տղայի աչքերն ու նրա աչքերի խորութիւնը, որտեղ կար թէ՛ յաղթանակի սպասումը, թէ՛ ցաւով արձանագրուող վիշտը, ամէն ինչը կուտակուած էր այդ կերպարի մէջ․․․ նոյն սպասումը հիմա կուտակուած է մեր Կիրանցի խեղճուկրակ ժողովրդի մէջ։ Հազար անգամ Կիրանցում եղել ենք, Կիրանցում բացուած եկեղեցին ես եմ օծել, իսկ կիրանցիները այս երկարուձիգ տարիներին սահմանին ապրելով՝ կարողացել են պայքարի ոգին մշտապէս իրենց մէջ վառ պահել։ Նրանց հայեացքների մէջ միայն ու միայն բարին է եւ մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց տարածաշրջանում։ Երանի այդ խաղաղութիւնը, որ այդքան սպասելի է ամէն մէկիս համար, իրական խաղաղութիւն լինի՝ թէ՛ սահմաններին, թէ՛ տարբեր անկիւններում, որի կարօտ ենք մենք եւ սպասողը։ Ո՛չ ոք մեզ այդ խաղաղութիւնը չի պարգեւի, մենք՝ ինքներս պէտք է այդ խաղաղութիւնը արձանագրենք։

 

– Իշխանութիւնը իր զիջումները հիմնաւորում է նրանով, որ եթէ չտանք, կռիւ կը լինի։ Նա Տաւուշում էլ նոյնը ասաց․․․

– Եթէ տարածաշրջանում լարուածութիւն կայ, ապա այդ երկրները մշտապէս պատերազմի մէջ են, եւ այդ պատերազմները չեն դադարել այն օրուանից, երբ արդարութիւնը խեղդուել է, այն օրուանից, երբ Արցախը վերամիաւորեցին Ադրբեջանին՝ ստալինեան բռնապետութեան տարիներին, այդ ժամանակից սկսած՝ արցախեան շարժումը սկսուել է ու դադար չի ունենալու այնքան ժամանակ, մինչեւ որ արդարութիւնն ու յաղթանակը վերականգնուեն։ Արդարութեան վերականգնումից յետոյ է խաղաղութիւն տիրում, դադարում են պատերազմները, բայց քանի դեռ կշեռքի նժարի վրայ անարդարութիւնն է, չի լինելու խաղաղութիւն, այդ հաւասարակշռութիւնը պէտք է պահուի, այլապէս հնարաւոր չէ։ Այնպէս որ, այդ 4 գիւղով պայմանաւորուած չէ, որ այս տարածաշրջանում խաղաղութիւն կը լինի, թէ պատերազմ կը սկսուի։

 

– Այս օրերին ո՞րը պէտք է լինի մեր անելիքը, ո՞րն է Ձեր կոչը, յորդորը։

– Տաւուշեան շարժում կը լինի, թէ արցախեան շարժում, ազգը շարժումի մէջ պէտք է լինի՝ արդարութեան համար, եթէ ազգը չշարժուեց, չկանգնեց, կը նշանակի արդէն անելիք չունի, իսկ շարժումը ինքնին կը նշանակի, որ օրգանիզմը առողջ է, կենսունակ է եւ ունակ է պայքարելու՝ այդ խաղաղութիւնն ու արդարութիւնը վերականգնելու համար։ Ըստ այդմ՝ ոչ թէ կոչ, քանի որ ո՛չ ոք իրաւունք չունի կոչ անելու, մեր սրտցաւութեամբ, մտածումներով ենք կիսւում եւ ուզում ենք, որ բոլորս էլ քաջ գիտակցենք, առաւել եւս՝ մեր արցախցիները, որ բռնի տեղահանուել են Արցախից հէնց անարդարութեան պատճառով, որ իրենց հազարամեայ բնօրրանից արմատախիլ են արուել, այսօր կը յորդորեմ, որ մեր ժողովուրդը այդ մարդկանց էլ լսի, որովհետեւ կրակի միջով անցած մարդիկ կարող են իրապէս լինել վկաներ եւ ներկայացնել այն, ինչ Ադրբեջանն անում է։ Նրանք խօսող, քայլող կենդանի վկաներն են, որ կարող են պատմել, թէ ինչ է տեղի ունեցել իրենց հետ, ինչո՞ւ չլսենք այդ մարդկանց, այդ մարդկանց խօսեցրէք ու տեսէք՝ 10-ից քանիսն է ասում այն, ինչը մենք փնտռում ենք։ Բոլորն էլ նոյնն են ասելու, որ հնարաւոր չէ ապրել մի հարեւանի հետ, որը մտածում է քեզ ոչնչացնելու մասին։ Այս առումով արցախեան շարժումը դեռ չի դադարել։

Հարցազրոյցը՝ «Հրապարակ»-ի

2024 Մայիս 1