Արման Թաթոյեան. «Հանրային հեռուստաընկերութիւնը հաստատեց իշխանութեան քարոզիչ լինելու իր ամօթալի ՚՚առաքելութիւնը՚՚»

 

«Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորեայ ուղերձը Հ1-ով  հեռարձակելուց Հանրային հեռուստաընկերութեան հրաժարուելը քաղաքական բարձրագոյն մակարդակի ողորմելի որոշում է:

Հայաստանի Հանրապետութեան ստեղծումից ի վեր` Վազգէն Վեհափառից սկսած, բոլոր կաթողիկոսների ամանորեայ ուղերձները  կէսգիշերից առաջ հեռարձակուել են Հանրային հեռուստատեսութեամբ, ինչը միշտ էլ իւրայատուկ հոգեւոր խորհուրդ է ունեցել ամբողջ աշխարհի Հայերի համար:

Այս ամօթալի որոշումից յետոյ էլ Կառավարութեան ղեկավարի ընտանիքին պատկանող լրատուամիջոցով տարածւում են Մայր Աթոռին ու Վեհափառ Տիրոջը զրպարտող ու վարկաբեկող տեղեկութիւններ: Այդ տեղեկութիւնները բացարձակ սուտ են: 

Այնպէս որ Մայր Աթոռը ճիշդ որոշում է կայացրել եւ չի ընդունել Հ1-ի դիտաւորեալ նսեմացնող առաջարկը։ Ու հիմա էլ առանց ամօթի յերիւրածոյ մեկնաբանութիւններ են անում ընդդէմ Մայր Աթոռի:

Սա ոտնձգութիւն է հայ ժողովրդի արժէքների եւ մեր ազգային ինքնութեան, Հայոց պետականութեան բարոյական հիմքերի դէմ: Այն անարգանք է մեր պատմութեան նկատմամբ: Այս կերպ քաղաքական փորձ է արւում նսեմացնել Հայաստանեայց  Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը եւ պատմական բացառիկ արժէքը հայ ժողովրդի կեանքում։

Հանրային հեռուստաընկերութիւնը եւս մէկ անգամ հաստատեց իշխանութեան քարոզիչ լինելու  իր ամօթալի ՚՚առաքելութիւնը՚՚»:

Խմբագրական