Արցախի թեմ. «Արցախի վերադարձը կ՚իրականանայ գուցէ բազում չարչարանքների ճանապարհով, բայց կը լինի երանելի ձեռքբերում բոլորիս համար» 

Հայ Առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմը Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնին առիթով յղած է ստորեւ տրուած ուղերձը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնի առթիւ մեր սրտագին շնորհաւորանքներն ենք յղում Ձեզ եւ կրկնում հրեշտակաձայն աւետիսը՝ “Քրիստոս յարեաւ ի մեռելոց”։

Սուրբ Յարութեան տօնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցաւի միջով, բայց հասնել ամենաերանելի ու յաւիտենական բարիքի: Դժուարութիւնների ուղին պէտք է դիտարկել ոչ թէ որպէս պատիժ, այլ որպէս փորձութիւն ու հնարաւորութիւն` աւելիին ձգտելու եւ հասնելու:

Մենք այս համածիրի մէջ պէտք է տեսնենք նաեւ հայրենի Արցախի վերադարձը, ինչը կ՚իրականանայ գուցէ բազում չարչարանքների ճանապարհով, բայց կը լինի երանելի ձեռքբերում բոլորիս համար:

Առ Աստուած աղօթքով մաղթում ենք բոլորիս անսասան խաղաղութիւն` անձնական եւ ազգային կեանքում: Թող Տէրունական այս տօնը լցնի ամէնքիս հոգիները յարութեան անմար լոյսով, որպէսզի երբեք չընկրկենք խաւարին ու մահուան յանդիման»։

Խմբագրական