Search
Close this search box.

«Տաւուշը յանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումին յայտարարութիւնը

 

Ապրիլ 30-ին, «Տաւուշը յանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հրապարակած է ստորեւ տրուած յայտարարութիւնը.

«Ապրիլ 29-ին,  Հայաստանի կառավարութեան շէնքում Նիկոլ Փաշինեանը հանդիպել է Կիրանց գիւղի բնակիչների հետ: Հանդիպումը անցել է ոչ-յուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգութիւնները, այլ աւելին՝ կիրանցիներին յուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ գործող կառավարութիւնը չունի քաղաքական յստակ եւ այլընտրանքային ռազմավարութիւն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգութիւնը, պաշտպանելու նրանց կեանքի, գոյքի ու սեփականութեան իրաւունքը:

Իշխանութիւնը, միաժամանակ յայտարարել է, որ չի կարող երաշխաւորել սահմանազատման ենթարկուած տարածքի “հայկական հատուածի” բնակիչների անվտանգութիւնը:

Իշխանութիւնը սպառեց Տաւուշի մարզի Կիրանց գիւղի, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի սահմանազատման ենթակայ մնացած մարզերի այլ համայնքների բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարաւորութիւնը:

Սա հերթական փաստն է, որ գործող իշխանութիւնը, սահմանազատման, ինքնիշխանութեան եւ խաղաղութեան կեղծ թեզերի շրջանառութեամբ, տարածքային հակասահմանադրական եւ միակողմանի զիջումներ է կատարում յօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումները առաջիկայում ակնյայտ դրսեւորուելու են Սիւնիքում, Արարատում, Գեղարքունիքում:

Հայաստանի իշխանութիւնը մսխել է հայկական դիմադրողականութեան ռազմաքաղաքական, անվտանգային եւ դիւանագիտական զինանոցը, եւ իր անկարողութեամբ, բարոյալքուած, ստայօդ ու կեղծ տեղեկատուական հոսքերով, բացառապէս փորձում է ինքնաարդարանալ՝ ի գին Հայաստանի եւ հայ ժողովրդի ազգային-պետական շահերի:

Տաւուշեցին, հետեւաբար՝ Հայաստանի քաղաքացին, վաղուց պաշտպանուած չէ:

Իշխանութիւնը կորցրել է վստահութիւնը իր քաղաքական վարքաբանութեամբ, շարքային քաղաքացու կեանքի ապահովման սահմանադրական եւ բարոյական պարտաւորութիւնը լիարժէք ձախողելու պատճառով:

Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացը ապօրինի է, հակասում է Հայաստանի Սահմանադրութեան ու օրէնքներին, հետեւաբար՝ պէտք է կասեցուի»: